Լիլի եւ Համո - 23 Апреля 2010 - Armenian Music Premiera
ArmMUSICЧетверг, 2016-12-08, 23:02:05

Приветствую Вас Гость RSS

Главная | Регистрация | Вход
Меню сайта

Поиск

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Главная » 2010 » Апрель » 23 » Լիլի եւ Համո
18:24:01
Լիլի եւ Համո


"Մտածում էի` Համոն "փողոցային” տղա է”

Դերասանուհի Լիլի Էլբակյանն ու "Հայ թիմի” Համոն վերջերս` ապրիլի 9-ին, նշանվել են: Զույգը պատմում է իր ծանոթության, նշանադրության ու "սիրո հիմնի” մասին:

- Ինչպե՞ս եք ձեզ զգում նշանված կարգավիճակում: 

Համո. – Շատ-շատ երջանիկ ենք: Սիրած մարդու հետ նշանվելուց կամ ամուսնանալուց ավելի մեծ երջանկություն երեւի չկա: Նշանդրեքը գեղեցիկ, "օրինական ծես” է, երբ զույգի ընտանիքները հավաքույթ են անում, ծանոթանում, ի վերջո բարեկամություն են անում:

- Ինչպե՞ս անցավ ձեր "օրինական ծեսը”:

Լիլի.- Նախ ասեմ, որ խոսքկապ չենք արել: Միանգամից նշանդրեքին պատրաստվեցինք: Արեցինք մեր տանը, իրոք ուրախ անցավ. երգեցինք, ամբողջ երեկոյի ընթացքում պարեցինք… Ինչ հնարավոր ու անհնարին էր, մեր նշանդրեքին արեցինք: 

- Ե՞րբ  եւ ինչպե՞ս ծնվեց ձեր սերը:

Լիլի.
- Անցած տարվա սեպտեմբերին այնպես ստացվեց, որ երկուսս էլ նկարահանվում էինք "Չնչիկ” ֆիլմում: Մոտ մեկ ամիս Չկալով գյուղում անցնում էին ֆիլմի նկարահանումները, որտեղ էլ ծանոթացանք: Հետո Համոն գտավ իմ հեռախոսի համարն ու էդտեղից ամեն ինչ սկսվեց (ծիծաղում է): Թող Համոն պատմի, որովհետեւ, երբ ես իմ տեսակետով եմ պատմում, Համոն ջղայնանում է::)

Համո.- Իրականում ֆիլմը երկու սեզոն է նկարահանվել: Առաջին սեզոնում իրար տեսել էինք, ես իրեն չէի հավանել, ինքն էլ` ինձ: Զանգել էր ու ընկերուհիներին պատմել, որ "Հայ թիմի” Համոն ինչ ահավորն էր իր գյուղական կոստյումով: Բայց երկրորդ սեզոնում ամեն ինչ լրիվ ուրիշ էր: Երբ նկարահանումների ժամանակ ընկա, ձեռքս վնասեցի, շատ խորը վերք էր, Լիկան սկսեց բուժել ձեռքս: Հետո թեթեւակի մեկ քիթս էի ջարդում, մեկ մեքենայով շուռ էի գալիս, որ ինձ բուժի: Հետաքրքիրն այն էր, որ ինքը միշտ յոդ ու բինտ ուներ: Երբ մյուսներն էին ուզում օգնել, թաքուն կորում, անհետանում էի, որ Լիկան ինձ "փրկի”: Դրանից հետո 100000 անգամ ասացի նրան իմ սիրո մասին, բայց…

- Լիկա, իսկ ինչու՞ չէիր հավանել Համոյին:

Լիլի. – Սկզբում մի քիչ ուրիշ պատկերացում ունեի Համոյի մասին: Մտածում էի` "փողոցային” տղա է: "Հայ թիմի” անունն ինձ մոտ շատ վատ տպավորություն էր թողել:

Համո. – Դե "Հայ թիմի” տղերքի` իմ, Միշոյի, Սերժոյի, Սաշի մասին շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ մենք հենց փողոցային տղերք ենք, որ ընդհանրապես չգիտենք, թե ով է Ստանիսլավսկին, ինչ է թատրոնը, ամբողջ օրն ակումբներում ենք:

Լիլի. - Բայց Համոյի հետ շփվելուց հետո հասկացա, որ էդպիսին չէ: Երբ շփվում ու  ճանաչում ես, սկսում ես մարդու ուրիշ կողմերը բացահայտել, ոչ թե այն կերպարը, որ լսած կարծիքներով ես կազմել: Ճանաչելով նրան` ընթացքում սիրահարվեցի:

- Համոն ինչպե՞ս ծանոթացավ ծնողներիդ հետ:


Լիլի.
– Ծանոթության նախորդ գիշերը Համոյին հեռախոսով տեքստն էի թելադրում, թե ինչ է ասելու պապային: Մտածում էի, որ Համոն վատ հայերենով, ժարգոնով սկսի խոսել, շատ վատ կլինի: Համոյին ասել էի, որ գրագետ խոսի, ասի, որ եկել է լուրջ նպատակներով, ինձ հետ ընկերություն անի ու ամուսնանա: Համոն եկավ ու տեքստից ոչ մի բառ չասեց, ուղղակի պատմեց, թե ոնց է ինձ սիրում: Ամենահետաքրքիրն այն էր, որ պապան ինձ ասաց` բայց շատ էլ լավ հայերեն գիտի, ինչ լավ էր, որ չասաց` ես եկել եմ լուրջ նպատակներով:

- Ո՞րն է ձեր սիրո երգը:

Համո. – Մենք մեր սիրո հիմնն ունենք. Սթիվի Ուանդերի "Isn’t she lovely” երգն է: Այդ երգով ես հետապնդում էի նրան: Երբ ֆիլմն էր նկարահանվում, միացնում էի, ինքն էլ զգում էր, որ բառերն իր մասին են:

Լիլի. – Երբ քայլում էի, անընդհատ երգը միացնում էր, հետո էլ CD-ով բերեց ու տվեց ինձ: Հասկացա, որ ինձ հետ կապ ունի այն: Նշանդրեքին "Isn’t she lovely” երգի տակ շատ երկար պարեցինք, նաեւ մեր հեռախոսների ռինգթոնն է: Շատ շնորհակալ ենք Սթիվի Ուանդերին, որ գրել է այդ երգը:

- Հաճա՞խ եք իրար անակնկալներ ու նվերներ մատուցում:

Լիլի.
– Համոն ինձ հեռախոսով ռեփային չափածոներ է ուղարկում, փորձում եմ տակտի տակ կարդալ, որ իմաստը հասկանամ: Միշտ հետաքրքիր անակնկալներ է անում. Ֆիլմի նկարահանումների ժամանակ հյուրանոցի իմ սենյակում թղթերի վրա սիրո խոստովանություններ էր գրել, դրել էր բարձիս տակ, կոշիկներիս մեջ,  դարակների, նույնիսկ կոնֆետների մեջ: Սլաքներով թղթերը գտնում էի բոլոր անհնար տեղերից::) Նույնիսկ ինձ հետ նույն սենյակում ապրող կնոջ անկողնու մեջ էլ էր թղթեր խցկել, նա էլ մտածում էր` ով է իրեն սիրահարվել:

- Միմյանց աշխատանքին ինչպե՞ս եք վերաբերում, չկա՞ն սահմանափակումներ:

Համո. – Ես միշտ ոգեշնչում եմ, կրկնակի ուրախանում եմ Լիկայի նոր դերերով, ներկայացումներով: Օրինակ, "Ի՞նչ տարբերություն, թե ում հետ” ներկայացումը մոտ 20 անգամ նայել եմ հանդիսատեսի շարքերում նստած: "Մեծ ականջ” եմ դառնում, ընթացքում կողքերս ինչ խոսում են ներկայացման կամ Լիկայի մասին, լսում եմ, հետո անպայման փոխանցում: 

- Համոյի ներկայությունը լարվածություն չի՞ առաջացնում քեզ մոտ:

Լիլի.
- Սկզբում կար այդ լարվածությունը: Ընդհանրապես, միշտ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ կլարվեի: Մայրս ինձ մի շատ լավ խորհուրդ է տվել. "Երբ աշխատում ես տեսախցիկի հետ, այնպես նայիր, կարծես դիտողը քեզ է սիրահարված”: Կարծում եմ` նույնն էլ թատրոնում է. պիտի էնպես խաղաս, կարծես դահլիճի հանդիսատեսը քո սիրելին է:

- Այսինքն` Լիլին չի մոռանալու դերասանուհու կարիերայի մասին:


Համո.
– Ես չեմ ուզի, որ թողնի իր մասնագիտությունը: Շատ եմ ուրախանում, որ ինքը թատրոնով ապրում ու ստեղծագործում է: Ինձ թվում է, եթե թատրոնի մասին մոռանա, կարող է շատ հանգիստ ինձ էլ մոռանալ:

- Հարսանիքի նախապատրաստման աշխատանքներն արդեն սկսե՞լ եք:

Համո.
– Սկզբում որոշել էինք մայիսին անել` Լիկայի ծննդյան օրը, բայց հետաձգեցինք, ոչ թե որ սնահավատ ենք, այլ կսպասենք հայրս կգա Երեւան, նոր կնշենք հարսանիքը: Երեւի թե ամռան սկզբին կամուսնանանք: Որոշել ենք բացօթյա հետաքրքիր տոն կազմակերպենք ժամանցի կենտրոններից մեկում: Այնտեղ բեմ կտեղադրենք, մեր ընկերները կերգեն, հետաքրքիր խաղեր կմտածենք… Չենք ուզում ռեստորանային քեֆ անել` շատ կենացներով, հաց ուտելով ու տաշի-տուշիներով: Իսկ հարսանիքից հետո ուզում եմ Երեւանից փախչենք ու մեղրամիսն Իտալիայում անցկացնենք: Չենք սիրում պլանավորել, ամեն ինչ էքսպրոմտ կանենք:

- Ամուսնանալիս աղջիկների համար կարեւոր է հարսի զգեստը: Երազե՞լ ես սպիտակ զգեստի մասին:

Լիլի. – Փոքր ժամանակից միշտ երազել եմ մեծ ուռած հարսի շորի մասին, ուզում եմ հենց իմ պատկերացրած հարսի շորն էլ հագնել: Ինձ թվում էր` ձյունանուշիկներն են հագնում նման շորեր, ես էլ երազում էի ձյունանուշիկ լինել եւ տորթի նման ուռած զգեստ ունենալ::) Թեեւ հիմա ավելի էլեգանտ, հասարակ շորերն են նորաձեւ, բայց ես արդեն մի քանի զգեստ տեսել եմ ու պատկերացնում եմ` ինչ եմ ուզում:

- Ամուսնությունից հետո ծնողների հե՞տ եք ապրելու, թե՞ առանձին:

Համո.
– Որոշել ենք առանձին ապրել, որ կարողանանք որպես ընտանիք կայանալ: Դա մեր ցանկությունն է, նաեւ մեր ծնողներն են կողմ: Հիմա ապագա տան փնտրտուքների մեջ ենք: Մեծ պլաններ ունենք, եթե ամեն ինչ լավ լինի, միասին թատրոն կբացենք, այսինքն "Էդգար Էլբակյան” թատրոնը կունենա իր սեփական շենքը:

- Իսկ կենցաղային հարցերում, եփել-թափելուց ինչպե՞ս ես:


Լիլի.
– Տանը ես չեմ պատրաստում, միշտ մաման է արել, բայց տոնական օրերին, իհարկե, ես էլ թխում եմ, դոլմա եմ եփում… Իմ բնավորության ամենալավ գծերից մեկն այն է, որ մի բան ուզում եմ, անպայման շատ լավ եմ անում, որ չեմ ուզում, ընդհանրապես չեմ անում:

- Հետագայում երեխաներին խնամելու մասին մտածե՞լ ես:

Լիլի.
– Այդ հարցը դժվար կլինի, որովհետեւ ես երեխաներ շատ եմ սիրում, բայց ընդհանրապես չեմ գրկել: Ուզում եմ 4 երեխա ունենալ, լավ կլինի` երկվորյակ լինեն, մեծացնելու հարցում ինձ մաման կօգնի:

- Ի՞նչ կուզենայիք, որ ձեզ նվիրեն հարսանիքին: 

Լիլի. – Ես ուզում եմ մի մեծ փուչիկ, մոտավորապես շենքի չափ, որի վրա կլինի գեղեցիկ բանաստեղծություն ու մեր մեծ նկարը:

Համո.
– Ես քո ուզածը վաղն էլ կանեմ, ավելի մեծ նվերներ ուզի` մի քանի սենյականոց բնակարան, ադամանդներ ու մեքենա… 

Просмотров: 4378 | Добавил: ADMINISTRATOR | Теги: Lili, (hay team), Hamo | Рейтинг: 4.1/22
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Профиль

Мини-чат

Наш опрос
Сколько в месяц вы платите за интернет?
Всего ответов: 514

Поиск


Использование материалов сайта без согласования с Администрацией сайта ЗАПРЕЩЕНО. © 2016
Current Position